Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈւ ռազմական ՍՈւ-25 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին:
Հեռագրում մասնավորապես ասվում է.«Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի և Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին:Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու քաղաքացիական բարձր գիտակցությամբ»:
Բակո Սահակյանը հավելել է, որ հայրենիքի նվիրյալ զավակների պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում անդառնալի կորստի կապակցությամբ և մաղթում տոկունություն ու ոգու կորով», ասվում է ուղերձում, հայտնում է ԱԺ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը:
Ավիապատահարի հետևանքով դեկտեմբերի 4-ին զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:





