AM
7 Դեկտեմբեր 2018 - 08:16 AMT

Ուկրաինայում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Ուկրաինայի ամբողջ տարածքում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:

Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ:

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել Էր, որ հայ ժողովուրդը հիշում և անսահմանորեն երախտապարտ Է իր բարեկամներին ամբողջ աշխարհում, որոնք մեզ դժբախտության մեջ մենակ չթողեցին Սպիտակի երկրաշարժի ժամանակ:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանում հիշում են Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին: 30 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 30 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր:

Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Հիմնահատակ ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում` Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը:

Աղետը, պաշտոնական տվյալներով, 25,000 մարդու կյանք խլեց. մահացավ 17,000 գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100,000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530,000 մարդ դարձավ անօթևան:

Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվեց, որոնցից 75,000՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը։ 30 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները վերացված չեն։