AM
9 Դեկտեմբեր 2018 - 06:26 AMT

ՄԻՊ ներկայացուցիչներն անկախ դիտարկման նպատակով գործուղվել են մարզեր

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:

Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով:

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը:

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ аհազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

Մարզերում աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`(043) 512-116՝ Շիրակի մարզ, (043) 991-189՝ Գեղարքունիքի մարզ, (043) 513-116՝Սյունիքի մարզ, (043) 506-116՝ Լոռու մարզ, (043) 507-116՝ Արագածոտնի մարզ, (043) 514-116՝ Տավուշի մարզ:

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: