ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանին՝ Արցախի դեմ ենթադրյալ դավադրության վերաբերյալ հայտարարության մասով ԱԱԾ հրավիրելուն, ասել է, որ վերջինիս չներկայանալը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է նա իրականում հետապնդել:
«Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել, և չի ներկայացրել իր հայտարարությունների որևէ հիմնավոր փաստարկ՝ ասելով, որ դա քաղաքական հայտարարություն է: Եթե մարդը հայտարարություն է անում, բայց չի պնդում, թող բոլորը գնահատեն, նրա ասածներն արժեք ունեն, թե՝ ոչ», – ասել է Վանեցյանը:
Նա նաև կոչ է արել բոլոր քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներն Արցախի դեմ որևէ դավադրության մասին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ԱԱԾ-ին:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության երրորդ համար Դավիթ Շահնազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն էր կանչվել. նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արցախի դեմ դավադրության մեջ է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին, որը նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով քննարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում և ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:





