AM
9 Դեկտեմբեր 2018 - 09:15 AMT

Մարուքյան. Մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում ընտրատեղամասերից

Հանրապետության ընտրատեղամասերից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի շարք մտահոգիչ տեղեկություններ է ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում է ոստիկանության հետ: Այդ մասին ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակում ենք։ Բնականաբար, չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչության մաս կհանդիսանա։ Բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է՝ այսօր հնի ու նորի կռվի ավարտն է, ես կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրական տեղամասեր ու իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Հանկարծ չհանգստանալ, հանկարծ չկարծել, որ ամեն ինչ ավարտված է։ Այսօր է ամեն ինչ ավարտվելու ու այսօր մինչև ժամը 20։00-ն քաղաքացիները ժամանակ ունեն այդ ամենն ավարտելու», – ասել էԷդմոն Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Երկրորդը՝ ոստիկանությանն եմ կոչ անում, մտահոգիչ տեղեկությունները ստանալուն պես համապատասխան միջոցներ ձեռնարկել, որովհետև այսօրվա ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանություններն ու իրավապահ մարմիններն են, ու ես հույս ունեմ, որ այն բոլոր արատավոր երևույթները, որոնք եղել են ու որոնց մնացորդներն ու մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, համապատասխան ձևով կհայտնաբերվեն ու բոլորս կտեղեկանանք»,-ասել է նա։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ քվեարկել է «Հայաստանի այն ներկայի համար, որը սկսել են ու Հայաստանի այն ապագայի համար, որի մասին խոսել են ողջ քարոզարշավի ընթացքում»։

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն: