AM
9 Դեկտեմբեր 2018 - 09:37 AMT

Ոստիկանությունը քարոզարշավի ընթացքում խախտումների 81 հաղորդում է ստացել

Ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, այդ թվում՝ տեղեկատվության ապահովման, ամփոփման և հետաքննական, օպերատիվ, իրավական ապահովման և ընտրացուցակների ճշգրտման, նյութատեխնիկական և բժշկական ապահովման, զանգվածային անկարգությունների հակազդման: Այդ մասին ԿԸՀ-ում հայտնել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը՝ հավելելով, որ քարոզարշավի ընթացում ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր 81 հաղորդում

Նրա խոսքով՝ սահմանվել են նշված խմբերի գործառույթներն ու գործունեության կարգը, առանձին ենթախումբ է ստեղծվել օտարերկրացի դիտորդների հետ աշխատելու համար, որում ընդգրկվել են օտար լեզվի իմացությամբ ոստիկանության ծառայողներ, հայտնում է Panorama.am-ը:

«Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտ համագործակցում է նաև գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ»,- ասել է Սարգսյանը։

Նա, միաժամանակ տեղեկացրել է, որ ընտրական իրավախախտումների հաշվառումն իրականացվելու է երեք փուլով՝ նախընտրական ժամանակահատված, քարոզարշավի ընթացքում արձանագրված իրավախախտումներ, քվեարկության օրն արձանագրված իրավախախտումներ։

«Քարոզարշավի ընթացում ՀՀ ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր 81 հաղորդում, որոնցից 26-ը առերևույթ հանցագործության հատկանիշեր պարունակող, իսկ 55-ը ստուգման ենթակա այլ տեղեկություններ։ Սրանցից 56-ը` ՀՀ մարզերորւմ, մյուսները Երևանում: Հաղորդումներից 3 գտնվում են քննչական կոմիտեում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ: Ստացված 55 հաղորդումներից 17-ը անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ ըստ իրավախախտման տեսակների դրանք դասակարգվել են հետևյալ կերպ՝ ընտրակաշառք տալը, խոստանալը, կամ ստանալը՝ 11, քարոզչական պաստառները պատռելը կամ վնասելը՝ 15, քաղաքացու ընտրական ազատ իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը՝ 9, խուլիգանական արարք, սպառնալիք կամ բռնություն՝ 2, այլ իրավախախտումներ՝ 44: