AM
14 Դեկտեմբեր 2018 - 08:01 AMT

«Վալլեքսը» 2 ամսով հետաձգել է Ալավերդու աշխատակիցների պայմանագրերի լուծարումը

«Վալլեքս» ընկերությունը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկարաձգել երկու ամսով:

«Նկատի ունենալով, որ ներկայում ընկերության ղեկավարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգիռ մասնակցությամբ շարունակում է Ալավերդում պղնձի ձուլման հետագա շարունակականությունն ապահովելու, հայ-չինական գործակցությամբ Հայաստանում նոր ու բնապահպանական առումով անվտանգ ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու՝ դեռևս 3 տարի առաջ սկսած խորը և հանգամանալից ուսումնասիրությունները, կարևորելով Հայաստանի տնտեսական կայունությունը և հատկապես, Ալավերդի քաղաքի ու տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակը, առկա աշխատատեղերի պահպանման կենսական նշանակությունը, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել ձմռան այս դժվարին ամիսներին և Ամանորի նախօրեին տարածաշրջանում սոցիալական նոր լարվածություն ստեղծելուց` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի կողմից տրվել է ընկերության աշխատողների պայմանագրերի լուծման պահը երկու ամսով հետաձգելու նոր հանձնարարական, որի հիման վրա ընկերության աշխատողները կստանան նոր ծանուցումներ՝ համապատասխան աշխատանքային պայմանագրերը 2019 թվականի փետրվարի 28-ից լուծելու մասին», – նշված է հայտարարության մեջ։

2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։ Ծանուցումները Ընկերության աշխատողներին հանձնվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի ավարտը։ Համաձայն տրված ծանուցումների, աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում է իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։

Ալավերդու պղնձաձուլարանն ունի 630 աշխատակից։