AM
27 Դեկտեմբեր 2018 - 07:54 AMT

$11.7 մլն՝ թոշակառու 1141 զինվորականի ընտանիքին բնակարան հատկացնելուն

ՀՀ կառավարությունը 5.7 մլրդ դրամ կամ $11.7 մլն կհատկացնի թոշակառու 1141 զինվորականի ընտանիքի՝ բնակարանային խնդրի լուծման համար: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Բնակարան կստանան 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված և առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ծառայությունից արձակված նախկին զինծառայողների ընտանիքները, որոնցից 326-ը հաշվառված է քաղաք Երևանում:

Գումարը կհատկացվի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարությունն առաջիկա որոշումներով պատրաստվում է վերակառուցել ՀՀ զինված ուժերի մի քանի հազար սպայի և ենթասպայի նախկինում վերցրած վարկերը:

«Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50,000 դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 250,000 դրամ: Մինչև կիսով չափ քիչ»,- գրել է Փաշինյանը: