Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է մատակարարվում «Տրանսմաշհոլդինգ» ընկերության արտադրության թվով երկրորդ ժամանակակից ու բարձրակարգ ԷՊ2Դ էլեկտրագնացքը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ում թեստավորումից հետո այն կգործարկվի 2019 թվականի առաջին եռամսյակում Երևան-Գյումրի-Երևան երթուղիով:
Էլեկտրագնացքը հարմարեցված է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Երկու վագոնից կազմված էլեկտրագնացքը ունի մոտ 130 նստատեղ, կահավորված է հարմարավետ աթոռներով։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi։
Ընթացիկ տարվա մարտից Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործարկվել է ԷՊ2Դ տիպի նոր էլեկտրագնացքը:





