ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասել է, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, ամբաստանյալներ դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց շահերը, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով, Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն անմեղ են, նրանց նկատմամբ պետք է արձակվի արդարացման դատավճիռ։ Փոստանջյանն ասել է նաև, որ Արմեն Բիլյանին վերագրվող սպանության մեղադրանքն անհիմն է, ինչը պարզ է նաև վկաների հարցաքննությունից, նա պետք է արդարացվի:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։





