AM
14 Հունվար 2019 - 07:26 AMT

Գործադիրից չեն հայտնում՝ Մհեր Ենոքյանի ներման եզրակացությունը ստացել են, թե՝ ոչ

2019 թվականի հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը ներման հանձնաժողովից ստացել է դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ եզրակացությունները: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցման ի պատասախան հայտնել է գործադիրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Ներման մասին» ՀՀ օրենքով յուրաքանչյուր դատապարտյալ իրավունք ունի ներում ստանալու խնդրագրով դիմել պետությանը:

Հարցման մեջ չի նշվում՝ եզրակացությունների մեջ առկա է արդյոք ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի եզրակացությունը:

ՀՀ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգը ենթակա չէ հրապարակման:

«Ներման հանձնաժողովը պարբերաբար վարչապետին է ներկայացնում դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ եզրակացությունները: Վերջին նման եզրակացությունների փաթեթը ներկայացվել է: 2019 թվականի հունվարի 11-ին: Վարչապետի պաշտոնակատարը պատշաճ ժամկետներում կծանոթանա ներկայացված եզրակացություններին և կկայացնի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ»- նշված է հարցման պատասխանի մեջ:

Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին:

Ներում շնորհելու կամ մերժելու հրմանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից:

Ընթերցեք նաև՝ «Նախագահը Ենոքյանին ներելու միջնորդություն չի ստացել. Ինչպես են ՀՀ-ում ներում շնորհում»: