ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու հերթական նիստում տեղի ունեցած «կոյուղաջրերի» միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
ՀՔԾ ծանուցման մեջ նշվել է, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ծանուցումը ստացել են նաև Երևանի ավագանու նախկին անդամներ Գոռ Վարդանյանը, Մարինա Խաչատրյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Պահանջելու եմ, որ այդ հանցագործները բոլորը կանգնեն արդարադատության առջև, եթե չկանգնեն արդարադատության առջև, ապա կլինի ինքնադատաստան»,- ասել է ավագանու նախկին անդամը։
Երևանի ավագանու 2018 թվականի փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:
Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։





