AM
14 Հունվար 2019 - 10:07 AMT

Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը պաշտոնական գրասենյակից մեկնաբանություն է վերցրել

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը մեկնաբանություն է վերցրել Քոչարյանի պաշտոնական գրասենյակից՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի պատկանելիության վերաբերյալ:

Նշվում է, որ «Գոլդեն Փելեսը» Քոչարյանների ընտանիքին երբեք չի պատկանել:

«Նախօրեին մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը տնօրինում է Սասուն Միքայելյանի (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր-խմբ.) որդին (Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյան-խմբ,)։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցներից մեկն այս առիթով գրեց /իբր հիշեցման կարգով/, թե հյուրանոցը իրականում պատկանում է Քոչարյանների ընտանիքին։ Այսօր մենք դիմեցինք ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ և մեկնաբանություն խնդրեցինք այս կապակցությամբ։ Գրասենյակում տեղեկությունը հերքեցին, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ դեռևս ամիսներ առաջ հայաստանյան կայքերից մեկը հարցում էր ուղարկել հյուրանոցի սեփականատերերին և ստացել նրանցից պատասխան, որով հերքվել էր տարիներ շարունակ չարչրկվող սուտն այն մասին, թե Ծաղկաձորի շքեղ այդ հյուրանոցը պատկանում է Քոչարյանների ընտանիքին», – նշել է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի՝ իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերում է պետությանը: ՀՀ պետական գույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել էր, որ այդ գույքի նվիրաբերման գործընթացը դեռևս չի ավարտվել: