AM
15 Հունվար 2019 - 08:29 AMT

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից. Մակունցն ասում է՝ տարաձայնություններ չկան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Այդ մասին ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն, անդրադառնալով իր թիմակից Վահագն Գրիգորյանի պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշմանը, լրագրողներին ասել է, որ տարաձայնություններ չկան, հայտնում է Aysor.am-ը:

«Ներքին տարաձայնություններ չկան, աշխատանքի հետ կապված խնդիրներ կան»,-ասել է նա:

«Իր դիրքորոշումն էր», – հավելել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ով է փոխարինելու Գրիգորյանին, արդյոք ցուցակում հաջորդ պատգամավորը, Մակունցն ասել է. «Անկեղծ ասած, դեռ չգիտեմ, կհրապարակենք»։

Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ չվերցնի, նա կզրկվի մանդատից։