AM
23 Հունվար 2019 - 09:09 AMT

474 մլն դրամ՝ քաղաքապետարանի 1628 աշխատողի պարգևատրմանը

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ $974,000 է հատկացրել քաղաքապետարանի 1628 աշխատողի պարգևատրումներին, հայտնում է Factor.am-ը։

«Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474 մլն դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից»- նշվում է քաղաքապետարանի պատասխանի մեջ։

Նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, լրացուցիչ կտեղեկացվի։

Ավելի վաղ մի շարք մարզպետներ պարգևատրել էին իրենք իրենց ու աշխատողներին։