Արամի 23 շենքի հարցը վերջապես լուծվել է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
«Այսօր պայմանագիր է ստորագրվելու տարածքի իրացնողի և մշակույթի նախարարության միջև, որով կառուցապատողը 14 միլիոն դրամ գումար է տալիս իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցցին, և նա պետք է պատրաստի այդ կառույցի վերականգնման նախագիծը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը պետք է հանգիստ լինեն», – ասել է Արթուր Մեսչյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա նշել է, որ քաղաքապետարանն այս հարցում որևէ առնչություն չունի.«Սա ուղղակի բարի կամքի արտահայտություն է։ Հուշարձանի սեփականատերը և կառուցապատողը պետք է հարցերն իրար մեջ լուծեն։ Այնպես որ, Արամի 23-ի հարցը համարում ենք փակված»։
Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը, որտեղ գործում էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:
Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար վերականգնման 3 նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը:





