Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն, ամփոփելով պաշտոնավարման 100 օրերի ընթացքում արված աշխատանքը, հայտարարել է, որ երկար չի զբաղեցնելու այդ պաշտոնը:
«Գաղտնիք չէ, որ երկար չեմ մնալու այս պաշտոնում` հաշվի առնելով տարիքս: 2-2.5 տարի կմնամ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն այն, ինչ պլանավորում եմ անել, կյանքի կկոչեմ»,-ասել է նա, հայտնում է Yerkir.am-ը:
Նա հավելել է, որ մի շարք անելիքներ ունի և դրանք կհասցնի ավարտին` անկախ ամեն ինչից:
«Փառք Աստծո, խանգարողներ չկան: Կարևոր չէ, թե ֆեյսբուքչիներն ինչ են գրում, այլ կարևորն այն է, որ ես զգում եմ` երևանցիների կողմից բավականին դրական վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչ պետք է արվի»,- ասել է Մեսչյանը:
Մեսչյանը նշել է, որ եթե ասի` 170 շինարարության թույլտվություն է տվել, 20-22 կառույցի քանդման որոշում է կայացրել, քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, ապա այս թվերը շատ բան չեն ասի: Նրա խոսքով` այս ընթացքում հասկացել է` ինչ պետք է արվի և ինչ չարվի:
Մեսչյանը տեղեկացրել է նաև առաջիկա ծրագրերի մասին` ասելով, որ Աջափնյակում մետրոյի 2 կայարան կկառուցվի, Նորքից կենտրոն ճոպանուղի կգործի:
Աշխատանքային 100 օրվա ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հասցրել է որոշ խնդիրներ լուծել, որոշ խնդիրներ էլ առաջացել են, և ճարտարապետը կարծում է, որ այդ օրերը բավական հետաքրքիր են եղել։ «Ինչպես ասում են՝ ճաշակեցի և՛ քեն, և՛ ոխ, և շատ հետաքրքիր իրավիճակներ եղան», – ասել է Մեսչյանը։





