AM
29 Հունվար 2019 - 06:50 AMT

Փաշինյան. Մենք այս հայրենիքն ու հաղթանակը որևէ մեկին չենք զիջի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իր ելույթում նա նշել է, որ հավաքվել են վերահաստատելու «նախնիների ուխտը՝ հերոսների ու նահատակների, լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ՝ այս հայրենիքն ու հաղթանակը որևէ մեկին չենք զիջի»:

«Ի՞նչ է նշանակում Հայոց բանակ. դա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռու, մարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետային, պայմանագրային զինծառայողներ ու սպաներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչի, նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: Ի՞նչ է Հայոց բանակը. դա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր են, մյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր են, որտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 աստիճանը և զինվորներ, սպաներ, ովքեր երբեք ետ, այսինքն՝ դեպի թիկունք չեն նայում, այլ նայում են առաջ: Ի՞նչ է Հայոց բանակը. դա հրամանատարական, շտաբային, թիկունքային, հետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք է, որը չի կարող դադարել ոչ մի վայրկյան, ինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած ես, թե արթուն», – ասել է Փաշինյանը:

Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն էր: