AM
29 Հունվար 2019 - 07:50 AMT

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչը մերժել է բողոքը

Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Այդ մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ինքը՝ Գևորգյանը։ Այսպիսով, նախկին փոխվարչապետը չի կալանավորվի։

«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը», – ասել է Արմեն Գևրոգյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային», – ասել է Արմեն Գևորգյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով. դեռ օգոստոսին ՀՔԾ-ի կողմից Գևորգյանը մեղադրվել էր 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Այս գործով տուժող է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Վալերի Պողոսյանը: Ըստ մեղադրանքի` Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել Վալերի Պողոսյանի նկատմամբ, որպեսզի վերջինս հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշումը կայացնի։ Պողոսյանը, սակայն, հայտարարել էր, թե իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել:

Դեկտեմբերի 11-ին հայտարարվել էր, որ լրացվում է նրա մեղադրանքը ևս մի քանի ծանր հոդվածով, մասնավորապես, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը, ինչպես նաև ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը և ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ փողերի լվացում:Այս ամենը քննվելու է մեկ քրեական գործի՝ Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում: