AM
31 Հունվար 2019 - 08:46 AMT

Փետրվարի 1-ից 2 բուժկենտրոնում ինսուլտն անվճար կբուժեն

Փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հավելել է. որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1- 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը», – ասել է նախարարը:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ ծրագրի շահառու կարող են դառնալ նրանք, ում կյանքին վտանգ է սպառնում՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Իսկ երկու բուժհաստատությունները, ուր նման դեպքերում կարելի է դիմել, «էրեբունի» և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներն են, որտեղ համապատասխան հնարավորություններ կան: