Պետական բյուջեից 1 մլրդ դրամ կհատկացվի ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չնվազեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ավագ դպրոցները դարձել են համակարգի ամենաանտեսված կառույցները, հայտնում է Panorama.am-ը:
«Ամենավատ դպրոցներն են տվել ավագ դպրոցներին, ծրագիրը վատ են մշակել, և կրկնուսույցի ինստիտուտն ավելի սկսել է զարգանալ»,-ասել է նա:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ 2018-ի հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, տարեսկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է, ինչի արդյունքում զգալի նվազել են այդ դպրոցներին տրվող գումարները: «Եւ միայն տնօրենների կողմից կատարված խնայողությունների և մեր կողմից հատկացված 350 մլն դրամի շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ աշխատավարձերը չնվազեն: Հիմա տարվա սկզբից տնօրեններն ասում են՝ այլևս չեն կարող այնպես անել, որ ներկա ֆինանսավորման կարգով, որը հաստատվել է երկու տարի առաջ, չիջեցնեն աշխատավարձերը: Եվ մենք հիմա տնօրենների հետ քննարկում ենք, որպեսզի հասկանանք՝ որքան է այդ ֆինանսնավորումը կազմելու: Մոտավորապես 1 մլրդ դրամի չափով պետք է տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձերը չիջնեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ:«Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», – ասել է նա:





