ՊԵԿ-ի հետ ճշտված է, թե կոկորդիլոսն ինչ կոդի տակ պետք է ներկրել՝ թռչնի, թե կենդանու: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:
«Ներկրելու համար ամեն ինչ ունի կոդ, իսկ մենք չունենք մշակված օրենսդրություն՝ ինչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի: Խնդրել էինք ՊԵԿ-ին ճշտել՝ ինչ կոդի տակ ներկրել: Եթե ձու է, ապա ներկրումը լինելու է թռչունի հետ կապված, եթե կենդանի կոկորդիլոս ենք ներկրում, ապա այն լինելու է կենդանու անվան տակ: Խնդիրը լուծված է», – ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է ձու ներկրել 3-4 տարբեր աֆրիկյան երկրներից և տարիների ընթացքում հենց այստեղ հիմնել կոկորդիլոսաբուծարան, որի համար կլիմայական պայմանները բավարար են: «Մեկ ձվի արժեքը 400 դոլար է, բայց ծրագրի վրա ոչ մի կոպեկ դեռ ներդրված չէ», – ասել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ սա հրաշալի հնարավորություն կլինի զբոսաշրջիկներին գրավելու համար՝ նկատելով, որ Արարատի Դաշտավան գյուղում միայն կոկորդիլոսաբուծարան ստեղծելու մասին չէ խոսքը և այն 31 նոր ենթակառուցվածքների մի բաժինն է լինելու, իսկ ենթակառուցվածքը կրելու է «Ապշանքի էկոայգի» անվանումը:
«Ցավալի է, որ բոլորը խոսում են կոկորդիլոսների բուծարանից ու չեն խոսում մնացածի մասին: Այստեղ մենք ներդնելու ենք այն ենթակառուցվածքները, որոնք այսօր չկան Հայաստանում՝ երեխաների խաղահրապարկներ, շների համար, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանիվների համար ուղիներ, ալիքային լողավազան և այլն», – ասել է նա:
Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է այգու կառուցման աշխատանքները սկսել մարտի 1-ից:
Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: «Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են անելու, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,- ասել էր մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Նրա խոսքով, բացի դրանից, բնակչների համար կստեղծվեն նաև գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր:





