Ընդդիմադիր «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենալու, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բախշյանի խոսքով՝ մինչև խորհրդարանը հավանություն կտար 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, իրենք տեղեկություններ էին ստանում, որ «զորք է մտնում Երևան»:
Այդ ընթացքում «Ժառանգության» նախկին պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը զանգահարել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ու ասել՝ «մի՛ արեք, սպասեք մինչև առավոտը բացվի»: Սարգսյանը, ըստ Բախշյանի, ասել է, թե «արդեն ուշ է»։
«Իմ ներկայությամբ: Ես անգամ Սերժ Սարգսյանի ձայնն եմ լսել, որը, ասեմ, բավական ընկճված ձայն էր: Ասաց՝ արդեն ուշ է: Ինքը գիտեր ինչ է եղել և ինչ է լինելու: Այդ զորքը բերում են, որ գուրգուրե՞ն․․․ Զորքը բերում են, որ ժողովրդին ասեն՝ լռեք, ձեզ կսպանենք էլ, չենք թույլ տա, որ դուք հանկարծ ձեր իրավունքի մասին խոսեք: Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:
Ավելի վաղ մամալում լուրեր են շրջանառվել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ ատուկ քննչական ծառայությունում մոտ 6 ժամ: ՀՔԾ-ն չի հերքել կամ հաստատել այս տեղելությունը:
Հեղափոխությունից հետո ՀՔԾ-ից հարցաքննության հրավեր Անահիտ Բախշյանը չի ստացել, բայց, կարծում է, նախկին պատգամավորները ասելիք ունեն:
«Բոլորս, ամեն մեկս մի տեղ եղել ենք, տիկին Լարիսան էլ անձամբ խոսել է: Մենք բոլորս կվկայենք այն մասին, թե ինչ է եղել ցերեկը և ինչ է եղել գիշերը, որովհետև ես Լարիսայի կողքը կանգնած եմ եղել», – ասել է նա:
Այնինչ Սերժ Սարգսյանի հետ Մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց ունեցած Լարիսա Ալավերդյանը իրեն հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չի տեսնում: Կարծում է, որ իրենց զրույցը չի կարող վկայել Մարտի 1-ի իրադարձություններին Սերժ Սարգսյանի ներգրավվածության մասին:
«Չեմ կարծում, որ դա օգտական վկայություն է: Ինքն այդ ժամանակ վարչապետ էր և տեղեկություն էր ստացել: Չեմ կարծում, որ ներգրավվածության որևէ նշույլ կարելի է գտնել զուտ իրավաբանական տրամաբանության մեջ։ Քանի որ բոլորս անհանգիստ էինք, որ կարող է լինել բախում, ես խնդիրը այստեղ էի տեսնում: Եվ ասում էի, որ պիտի ամեն ինչ անել․․․ Այն, ինչ որ պիտի անեք, մի արեք այդ ուշ գիշերվա մութ ժամանակ, որ ճիշտ է, որ իրավիճակը լուծվի առավոտյան: Ստացա պատասխան, որ՝ իսկ Դուք գիտե՞ք ինչ է տեղի ունեցել: Ես այնպես հասկացա, որ բախումների սցենարն էր զարգացել․․․ Բացարձակապես ոչ մեկը այդ ժամանակ մահերի մասին կամ սպանությունների մասին չէ, որ մտածում էր», – ասել է նա:
Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:
Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:





