AM
6 Փետրվար 2019 - 08:26 AMT

«Կենգուրու 2019»-ին մասնակցելու համար գրանցումը սկսվել է

«Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար երեխաների և դպրոցների գրանցումը մեկնարկել է։ Մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամը:

«Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում է 80-ից ավելի երկիր: 10 տարում Հայաստանում և 8 տարում Արցախում մրցույթն ունեցել է ընդհանուր 395,484 մասնակից։

Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցելու համար աշակերտները պետք է գրանցվեն իրենց դպրոցում մինչև փետրվարի 19-ը։

Մանրամասների համար կարելի է այցելել «Կենգուրուի» կայք` www.kangaroo.am հասցեով, կամ զանգահարել (010)54-37-07, (093) 01-08-63 հեռախոսահամարներով:

«Կենգուրու» մրցույթը ծնունդ է առել Ավստրալիայում դեռ 1980-ականների սկզբին, երբ Սիդնեյի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ ՓիտերՕʼՀոլորանի հայտնագործած խաղ-մրցույթը լայն տարածում գտավ: 1991 թ.-ին ֆրանսիացի երկու ուսուցիչներ այն տեղափոխեցին Ֆրանսիա: Նրանք այն անվանեցին «Կենգուրու»` այդպիսով երախտագիտություն հայտնելով կենգուրուների երկրի իրենց գործընկերներին: 1994 թ. հունիսին Ստրասբուրգում՝Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին, 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» («KangourousansFrontières») միջազգային ընկերակցությունը: 2008 թ. հոկտեմբերին Հայաստանը` ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի, դարձավ «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցության անդամ: