AM
7 Փետրվար 2019 - 07:12 AMT

Նախագահը՝ Փարիզում. Այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է

Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է ՀՀ համար։ Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ հանդիպմանը։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։

Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը, հնարավոր է, ընդլայնվի: Այդ հարցը քննարկվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելի հանդիպմանը: