AM
12 Փետրվար 2019 - 13:33 AMT

Հունվարին ուղևորահոսքը ՀՀ օդանավակայաններում 2018-ի համեմատ աճել է 12.2%-ով

2019-ի հունվար ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 212 171 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.2 տոկոսով:

2019թ. հունվարին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 12.6 տոկոսով: Եթե 2018թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 178 292 ուղևոր, ապա 2019թ. հունվարի ցուցանիշը կազմում է 200 731 ուղևոր:

2019-ի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 440 մարդ: 2018-ի նույն ամսվա 10 876 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 5.2 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 12 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները,հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: