AM
13 Փետրվար 2019 - 09:08 AMT

Նախկին փոխոստիկանապետը առարկել է «Սասնա ծռերի» համաներմանը

2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով դատական նիստում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն առարկել է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով համաներում կիրառվի:

Եղիազարյանը գնդի գրավման ժամանակ պատանդ էր պահվել. գործով ճանաչվել է տուժող:

«Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»,- ասել է նախկին փոխոստիկանապետը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Արայիկ Խանդոյանը 2018-ի հոկտեմբերին մահացել է:

Փետրվարի 6-ի նիստում Եղիազարյանը պատմել է, որ 2016-ի հուլիսի 17-ի առավոտյան իրեն է զանգահարել ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցը և հայտնել, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Նախորդ նիստին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես հայտարարել է, որ առարկում է, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։