AM
18 Փետրվար 2019 - 06:40 AMT

Տոնոյանը ԱՄԷ ղեկավարների հետ քննարկել է ռազմական գործակցությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի հետ։

Քննարկվել են երկկողմ ռազմական գործակցության մեկնարկի, հարաբերությունների իրավապայմանագրային հարցերը։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու փետրվարի 16-17-ին Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին: