AM
18 Փետրվար 2019 - 11:26 AMT

«Իմ քայլը». ՏԻՄ ընտրություններում իշխանական որոշ թեկնածուների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում իշխանական թեկնածուների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում ասել է խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

«Սա հենց այն մասին է խոսում, որ Հայաստանում իսկապես տեղի են ունեցել շատ կարևոր փոփոխություններ: Կարող են այնպիսի դեպքեր, երբ իշխանությունը կարող է պարտվել, և դա կարևոր ժողովրդավարության կարևոր ցուցիչ է»,- ասել է Կոնջորյանը:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշել է, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի:

«Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքում կարող էր թեկնածու առաջադրել, և, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- ասել է Նազարյանը:

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերի 20 համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: