AM
21 Փետրվար 2019 - 07:15 AMT

Արայիկ Հարությունյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիրը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար հայտարարել է, որ իր որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով:

«Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին…Ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»,-ասվում է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: