ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներն է քննարկել «Միջազգային ճգնաժամային խումբ» անդրազգային հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Օլգա Օլիկերի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը:
Դավիթ Տոնոյանը կարևորել է Միջազգային ճգնաժամային խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակվող անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները, որոնք նպաստում են միջազգային հանրության կողմից հակամարտության էության և ընթացիկ գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, հայկական կողմը չի հապաղի: «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Ուստի մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում», – ասել է նախարարը: Այն հարցին, թե հարձակվելու ենք նաև՝ Տոնոյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ ոչ»։





