ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը խոսել է Վանաձորի ԲԿ տնօրենի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող 65 քաղաքացին կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի 1-ից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։
Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Թորոսյանը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։
«Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։ Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», – գրել է Թորոսյանը:
Ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հայտնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցի՝ հեմոդիալիզի համար սարքավորումների գնման գործընթացի շուրջ ծագած սկանդալի հետքերով ձերբակալությունների մասին։
Ըստ հաղորդագրության՝ ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժ․պ․ Ս.Ա-ն (Սամվել Ադյանը՝ խմբ․) և նույն վարչության գլխավոր մասնագետ Գ․Խ․-ն (Գևորգ Խաչատրյանը՝ խմբ․) անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018-2019 թթ. միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար սարքավորումների ձեռքբերման գնման ընթացակարգերին։
Նպատակն էր ապահովել իրենց կողմից հովանավորվող կազմակերպության հաղթանակը:





