Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի պետ Հիքմետ Հաջիևը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին հայկական կողմի հայտարարություններին, դրանք համարել է «բանակցային գործընթացը տապալելու փորձ»:
«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին ոչ այլ ինչ են, քան բանակցային գործընթացը փակուղի տանելու և տապալելու նպատակուղղված փորձ: Պատասխանատավությունն ամբողջությամբ կրում է հայկական կողմը»,-ասել է Հաջիևը, հայտնում է Interfax.az-ը:
Նա հավելել է, որ բանակցային գործընթացի ձևաչափը հայտնի է, դրա «փոփոխությունը քննարկումների առարկա չէ և չի կարող լինել»:
«Բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի միջև»,-ասել է Հաջիևը:
Ըստ նրա, Երևանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3 հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարների 4 հանդիպումն ակնհայտ են դարձնում բանակցությունների գործող ձևաչափը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Արցախյան հիմնահարցի բանակցություններին՝ նշելով, որ գործընթացնում կարևորագույն խնդիրն Արցախի լիարժեք ներգրավումն է:«Մեր կառավարութնյունը հստակ ասում է, որ չունի մանդատ ու լիազորություն ներկայացնելու Ղարաբաղի ժողովրդին այն պարզ պատճառով, որ Ղարաբաղն ու Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասկանցում, հետևաբար Ղարաբաղի քաղաքացիներն իմ օգտին չեն քվեարկել ու չեն օժտել մանդատով: Սրա փոխարեն նրանք ունեն իրենց ներկայացուցիչները բանակցություններում հանդես գալու: Այս քննարկումները, որոնք տեղի են ունենում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում համարում եմ լուրջ առաջընթաց, որովհետև շատ կոնկրետ ձևեր ու մեթոդներ եմ տեսնում ինչպես կարող է ԼՂՀ-ն ներգրավել բանակցային գործընթացին և հիմա քննարկման մեջ ենք և կքննարկենք նաև միջազգային գործընկերների հետ», – եզրափակել էր նա:





