Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել են Մաշտոցի պողոտան, հայտնել է CivilNet-ը:
Ոստիկաններն այժմ ազատում են պողոտան ցուցարաներից:
Սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է:
12:00 Երթևեկությունը մասամբ վերականգնվել է: Սրճարանների աշխատակիցները վանկարկում են՝ թողեք աշխատենք:
12:08 Բերման ենթարկվածներ չկան:
Ընթերցեք նաև՝ «Օպերայի ապամոնտաժվող սրճարաններում 300-ի փոխարեն 12 մարդ է աշխատում»:
Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր նշված տարածքներում գործող սրճարանների ապամոնտաժումը, սակայն դիմադրության էր հանդիպել այստեղ աշխատողների և ղեկավարների կողմից:
Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։
Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։





