AM
5 Ապրիլ 2019 - 09:11 AMT

ՄԻՊ-ը՝ Փաշինյանի գրառման մասին. Քրգործ հարուցելու ցուցում լիազորված է տալ միայն դատախազը

Քրեական դատավարության օրենսգիրքն ունի սուբյեկտների հստակ շրջանակ, թե քրեական դատավարության շրջանակում ով ինչ հանձնարարություններ կարող է տալ: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե որպես ՄԻՊ ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառումը, որ իր անձնական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Թաթոյանն ասել է, որ կոնկրետ իրավիճակին չի կարող մեկնաբանություններ տալ, քանի որ ծանոթ չր գրառմանը: Նա մի քանի անգամ կրկնել է, որ գրառման հետ ծանոթ չէ, իսկ գնահատական տալու համար պետք է անձամբ ծանոթանա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողները Պաշտպանի համար ընթերցել են վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, ինչից հետո Արման Թաթոյանն ասել է. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին»:

Դիտարկմանը, թե փաստորեն այստեղ խնդիր կա, Պաշտպանն ասել, որ միգուցե վարչապետն այլ իմաստով է ասել, պետք է հարցն ուղղել նրան, կամ վարչապետի աշխատակազմին. «Ես չեմ կարող վարչապետի խոսքը մեկնաբանել: Ես ընդամենն ասում եմ, որ անձին ձերբակալելու, քրեական գործ հարուցելու ցուցում տալը վերապահված է դատախազին, կամ քննչական բաժնի պետն ունի որոշակի լիազորություններ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»: