AM
5 Ապրիլ 2019 - 09:32 AMT

ԵԽ-ն ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարմանը կհետևի նոր ձևաչափով

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում:

Այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձը հղեց Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ: