AM
5 Ապրիլ 2019 - 10:51 AMT

Փաշինյանը՝ ՄԻՊ-ի դիտարկման մասին. Թող քրգործ հարուցեն և ինձ տանեն դատեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի այն դիտարկմանը, որ քրգործ հարուցելու ցուցում կարող է տալ միայն դատախազը, ասել է, որ եթե ինքը չարաշահում է իր լիազորությունները, թող ուրեմն քրգործ հարուցեն:

«Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն», – Գյումրիում ասել է Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, թե ՄԻՊ-ի պնդմամբ վարչապետը լիազորություններ չունի ցուցումներ տալու, հայտնում է Aysor.am-ը:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով վարչապետի այդ գրառմանը, ասել է. «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորությունը վերապահում է բացառապես դատախազին, ոչ վարչապետին»: