AM
10 Ապրիլ 2019 - 11:26 AMT

Հարությունյանը՝ Քոչարյանի փաստաբաններին. Մարտի 1-ի գործով դատարանի վրա ճնշում չկա

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հերքել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումը, թե գործով դատարանների վրա «իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներ կան»:

Լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ ճնշումների մասին ահազանգեր չեն ստացել:

«Մենք որոշել ենք և պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք մեր հանդիպումների ժամանակ, որ եթե որևէ նման իրավիճակ կա, անպայման տեղյակ պահեն Բարձրագուն դատական խորհրդին: Եվ եթե տեղյակ չեն պահում, ապա հնարավոր է նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի»,- ասել է Հարությունյանը:

Քոչարյանի պաշտպանական խմբի անդամները բազմիցս հայտարարել են, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ու նրա կալանավորումը «քաղաքական պատվեր են»: