AM
18 Ապրիլ 2019 - 06:35 AMT

Քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել

Երևանի քաղաքապետարանը նոր համայնքային հիմնարկ կստեղծի, որը կիրականացնի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենա է պատվիրել:

«Սիրելի´ երևանցիներ, ինչպես գիտեք աղբահանության հարցը ամենաքննարկվող և խնդրահարույց հարցերից մեկն է դարձել վերջին տարիներին, հատկապես վերջին 1 տարում: Տարիներ առաջ Սանիթեքի հետ կնքված համագործակցությունը ամենավատ գործարքներից մեկն է, և այդ կազմակերպության ապաշնորհ ու սխալ կառավարման արդյունքում Երևանի աղբահանությունը վտանգի տակ է հայտնվել:

Սակայն քաղաքային իշխանության տարած աշխատանքների և քննարկումների արդյունքում շատ շուտով հարցին կտրվի վերջնական լուծում, ըստ որի մի քանի օրից ավագանին կընդունի նոր համայնքային հիմնարկ ստեղծելու որոշում, որը կիրականացնի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է, որ քաղաքապետարանը պատվիրել է նոր` թվով 24 աղբատար մեքենաներ և ևս 5-ը կպատվիրի առաջիկայում, որոնք կշահագործվեն վերոնշյալ հիմնարկի կողմից` քաղաքապետարանի անմիջական հսկողության ներքո, որի արդյունքում քաղաքում աղբահանության մոտ կեսը կիրականացնի համայնքը` նոր տեխնիկայով, նոր պահանջներին համապատասխան և, ըստ էության, երկարաժամկետ կլուծի աղբահանության խնդիրը քաղաքում: