Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:
Ղազարյանի փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է նաև Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Դատարանը մերժման հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ղազարյանը ազատ լինելու դեպքում կարող է խոչընդոտել նախաքննությունը:
Պետեկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարել էր, որ գյուղմթերքի խոշոր փոխադրող «Սպայկան» չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ պետությանը պատճառելով 7.36 մլրդ դրամի վնաս։ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։





