AM
2 Մայիս 2019 - 07:15 AMT

Գլխավոր դատախազ. 2018-ին բնակարանային գողություններն աճել են 60%-ով

2018-ին բնակարանային գողությունների աճը 2017-ի համեմատ կազմել է 60 տոկոս: Այդ մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է «ՀՀ դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը նշել է. «Մենք 2018-ին չենք ունեցել դասական իմաստով կրիմինոլոգիական առումով վատթարացնող արդյունքներ», հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ առանձնացվել է հիմնական երկու ուղղություն, որոնցով ունեցել ենք վատագույն արդյունքներ։ «Դրանցից մեկը հափշտակությունների և հատկապես բնակարանային գողությունների աճն է, որը 2017-ի համեմատությամբ մոտ 60 տոկոսով ավելացել է, մյուսը ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների դեպքերն են, որոնք մոտ 30 տոկոսի աճ են գրանցել։ Առավել մտահոգիչը այս հանցագործությունների մահվան ելքով դեպքերն են, որոնք էլ 25 տոկոսով են ավելացել»,-ասել է նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ սրան զուգահեռ 2018 թվականին եղել են սպանությունների՝ առնվազն վերջին 30-40 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը։ «Հանրապետությունում 38 սպանություն է տեղի ունեցել»,- ասել է Դավթյանը։