ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ ՀՀ-ում քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ քրեական գործ չկա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց է տվել դատախազին քրեական գործերը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքի խախտման մասին:
«Շահագրգռված լինելով կոնկրետ հանցագործության մեջ մեղադրվող անձանց դատապարտման հարցում, հասարակությունն ուզում է տեսնել պետության վերաբերմունքը։ Ես հիմա կոնկրետ անունները չեմ ուզում տալ, բայց չե՞ք կարծում, որ շատ երկար են ձգվում աղմկոտ դատավարությունները, ինչը հիմք է կարծելու, որ այդ դատավարությունների հիմքում կա քաղաքական ենթատեքստ», – ասել է պատգամավորը։
Դավթյանն ի պատասխան նշել է, որ քրեական գործերով քննությունները և նախաքննական մարմինների, և դատարանների կողմից երկար են տևում։
«Ամեն քրեական գործի քննության ձգձգում ունի իր պատճառները՝ մի քննիչ լավ է աշխատում, մյուսը օպերատիվ է, բայց այդ ձգձգմանը նպաստում է մեկ այլ խնդիր՝ մեր երկրում փորձաքննությունների կիրառման վիճակը։ Մենք նաև փորձագետների խնդիր ունենք, հիմնարկների ռեսուրսների համալրվածության խնդիր։ Բայց այն, որ այդ ձգձգումը կարող է կասկած տալ, թե դրանք քաղաքական են, ես եմ այսօր երաշխավորողը, և ես դա երաշխավորում եմ՝ չկա որևէ քրեական գործ ոչ մինչդատական վարույթում, ոչ դատական վարույթում, որ իր հիմքում կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ Այո, մենք կարող ենք ունենալ անբարեխիղճ քննիչ, անբարեխիղճ դատախազ, անբարեխիղճ դատավոր, բայց դրանք անհատական դեպքեր են։ Բայց դրանում էլ չկասկածեք, մեր ներգործությունը իրականացվում է», – հայտարարել է Դավթյանը։





