ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքել է, որ իր և հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել:
«Ոչ մի ծեծկռտուք և ֆիզիկական բռնություն իմ և իհարկե Լևոն Ջուլֆալակյանի կողմից չի եղել։ Սերգեյ Մխիթարյանը հանդիսանում է մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրան զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց՝ ճնշումը բարձրացել էր…), կանչել ենք շտապ օգնություն և տեղափոխել հիվանդանոց», – գրել է նա։
Ջուլֆալակյանը նշել է, որ հետագայում իմանալով նրա կողմից արված հայտարարության մասին ինքնակամ գնացել են ոստիկանություն՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նման պահվածքը և ինչի համար է այդ ամենն արվում։
«Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի։ Կրկնում եմ, իմ կողմից ոչ մի հարված չի հասցվել Սերգեյին, Լևոն Ջուլֆալակյանի մասին էլ ավելորդ է նույնիսկ ասել։ Ինձ գոնե մի փոքր իմացողները գիտեն,որ ես բացարձակ դեմ եմ բռնությանը։ Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես մեկին ծեծեի», – գրել է նա:
Ավելի վաղ լուրեր են շրջանառվել, որ Արսեն Ջուլֆալակյանի և հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել:





