City of Smile հիմնադրամը Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելու նախաձեռնություն է սկսել: PanARMENIAN.Net – ի հետ զրույցում հիմնադրամի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի համակարգող Թամարա Ափոյանը պատմեց նախաձեռնության մասին:
Թամարան մինչև այս երկու անգամ արդեն կտրել է մազերը, ուղարկել դրանք Գերմանիա, որպեսզի այնտեղ կեղծամ պատրաստեն քաղցկեղով հիվանդ երեխաների համար:

Այժմ հիմնադրամում որոշել են նախաձեռնությունն իրագործել նաև Հայաստանում:
«Նախաձեռնությունը սկսելիս պարզվեց, որ Հայաստանում արդեն եղել են նման փորձեր, սակայն դրանք կյանքի կոչելուն խանգարել է կամավոր հիմունքներով երեխաների համար կեղծամ պատրաստող մասնագետների բացակայությունը: Իրականում այդ գործընթացը շատ ժամանակատար և աշխատատար է», – ասաց Թամարան՝ հավելելով, որ այժմ փնտրում են այդպիսի մասնագետի:
Նա հայտնեց նաև, որ նախաձեռնությանն այժմ միացել է ավելի քան 10 մարդ, որոնք պատրաստ են կտրել իրենց մազերը:
Նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:





