AM
10 Մայիս 2019 - 09:52 AMT

Վանեցյանի առաջարկով գործադիրի նիստի օրակարգից հարց է հանվել․ Վտանգներ էր տեսնում

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի առաջարկով կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգից հանվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու նախագիծը։

«Այս որոշումը չի ուղարկվել մեզ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են, և պարունակելու են մեր երկրի գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև ամենակարևոր կոորդինատները, և պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը: Առաջարկում եմ հարցը հանել կառավարության նիստի օրակարգից, խորը քննարկումներից հետո նորից ընդգրկել»,- ասել է Վանեցյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշել է, որ հարցով ոչ թե համակարգի ստեղծումն է քննարկվում, այլ հայեցակարգը:

«Մինչև համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, և ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել»,- նշել է Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետ է սահմանել՝ բաց մնացած բոլոր հարցերը քննարկելու համար։