AM
23 Մայիս 2019 - 09:27 AMT

ԶՈւ կրտսեր կազմի ու հատուկ պայմաններում ծառայողների աշխատավարձը կբարձրանա մոտ 20%-ով

Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով», – նշել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահոտւկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու ևս։ Նա նշել է, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով:

«Ինչպես նաև ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտակությունների կատարման համար», – ասել է նախարարը:

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և պայմանագարային շարքայինը», – ասել է Դավիթ Տոնոյանը։

«Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», – հավելել է նա: