AM
23 Մայիս 2019 - 10:52 AMT

Մասիսի քաղաքապետը շարունակում է մնալ մեղադրյալ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս պահին քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 8 անձ:

«Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այս պահին Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ահա 258-րդ հոդվածի 4-րդ մասով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ մեղադրյալ»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը.: