Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները:
Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը, հայտնում է Aysor.am-ը:
Բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է ԱԺ-ում քննարկել հունիսի 7-ին կայանալիք արտահերթ նիստում:
ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:
Ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկի նվազումն աննշան կլինի, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցում կլինի:Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:





