AM
4 Հունիս 2019 - 10:01 AMT

Հայ օրենսդիրները Նուր-Սուլթանում քննարկել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան առևտրի ուղին

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի պատգամավորներն ամփոփել են մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան այցի արդյունքները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնել է, որ այցի շրջանակում քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես առևտրի այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը, որի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել նաև ՀՀ կառավարության հետ:

«Քննարկվել են առևտրաշրջանառության բարձրացման և դրա համար այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը։ Այսօր մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է՝ $16-17 մլն, պատճառը նաև լոգիստիկ խնդիրներն են»,-ասել է Միքայել Մելքումյանը։

Խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով, այցի շրջակաում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերություններն առավել ակտիվացնելու հարցերը։

«Երեք տարվա ընդհատումից հետո ձևավորված բարեկամական խումբն առաջին այցը կատարեց Ղազախստանի հանրապետություն, ինչը Ղազախական կողմը կարևորեց: Քննարկվեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում զանազան ու բազմապրոֆիլ հարցեր, ինչպես նաև բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք ծառացած են մեր երկու երկրների առջև։ Փորձեցինք նոր հիմքի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունները», – ասել է Վաղարշակ Հակոբյանը։