ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստին հայտարարել է, որ Գրիգորյանը չի ներկայացել դատական նիստին քրեակատարողական հիմնարկի անօրինականությանների պատճառով։
Նա հայտնել է, որ Գրիգորյանը բուժում էր ստանում «Նաիրի» ԲԿ–ում, ասել էին, որ կարող են տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», թեև նա դեմ է եղել, հայտնում է Panorama.am-ը։
«Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», ինչից հետո տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Սակայն մի քանի ժամ անց Գրիգորյանին, իր կամքին հակառակ, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»,- ասել է Բարսեղյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ Գրիգորյանն անօրինական է գտնվում այնտեղ և նրա կյանքին վտանգ է սպառնում։
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնել է, որ բանավոր կարգով տեղեկացրել են դատարանին, որ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ չի ներկայացել, բայց դատարանը գրավոր փաստաթուղթ չի ստացել։ Դատարանը որոշել է դատական նիստն ընդմիջել՝ մինչև դատարանին ներկայացվի փաստաթուղթ նրա բացակայության վերաբերյալ։
Ընդմիջումից հետո ներկայացվել է փաստաթղթեր, նաև Մանվել Գրիգորյանի դիմումը։ Նա գրել է, որ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ նիստին։ ՔԿՀ-ի բժիշկներն էլ գրել են, որ Գրիգորյանը տեղափոխման ենթակա չէ։ Քանի որ նա նիստին չէր կարող մասնակցել, այն հեռաձգվեց։
Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 11-ին։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։





